Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով այսօր` նոյեմբերի 3-ին այցելել է հիմնովին վերակառուցված եւ արդիականացված Այրում-Ջիլիզա մաքսատուն եւ Այրում կայարանի վարչական շենք, շրջայցից հետո խորհրդակցություն է անցկացրել եւ կարեւորել սահմանային անցակետերը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը: Խորհրդակցությանը մասնակցել են, մասնավորապես, Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Նախագահի մամուլի գարսենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը խոսել է հատկապես սահմանային անցակետերից օգտվող ՀՀ քաղաքացիների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու մասին:
«Մենք պարտավոր ենք գտնել այդ նյութական միջոցները եւ գտնելու ենք: Մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում պետք է կարողանանք գոնե երկու-երեք ժամանակակից անցումային կետ ունենալ: Առաջինը պետք է լինի Բագրատաշենը, երկրորդը, երրորդը կարող եք ինքներդ որոշել, թեեւ կարծում եմ, որ այս հարցը հավասարապես վերաբերում է նաեւ Մեղրիի մաքսատանը: Այն քաշքշուկները, որ ստեղծվում են առաջին հերթին ամառվա ամիսներին, ուղղակի անթույլատրելի են, նաեւ` անընդունելի ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ Հայաստան այցելող մեր հյուրերի համար»,-ընդգծել է երկրի նախագահը, նշելով, որ լավ աշխատանքային պայմաններից ու ժամանակակից սարքավորումներով ապահովվածությունից ոչ պակաս կարեւոր է նաեւ ունենալ որակյալ ու բարեխիղճ կադրեր:
«Անհարկի քաշքշուկները, խոչընդոտները, շատ դեպքերում` մարդկանցից ակնկալիքները պետք է վերանան եւ որքան արագ` այնքան լավ բոլորիս համար ու առաջին հերթին`այստեղ աշխատող մաքսավորների համար: Խնդիրը դրվում է հետեւյալ կերպ`մոտակա երեք-չորս տարիների ընթացքում Հայաստանի բոլոր անցակետերը դարձնել ժամանակակից»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Տավուշի մարզ այցի շրջանակում Սերժ Սարգսյանը նաեւ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ:





























