Այսօր` նոյեմբերի 3-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Բելգիայի Թագավորության սենատոր Դոմինիկ Թիլմանին, որի ընթացքում վերջինս ներկայացրել է իր նախաձեռնած «Խաղաղություն կանանց միջոցով» ծրագիրը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիկին Թիլմանը նշել է, որ ծրագրի նպատակն է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության կառուցման գործընթացում կանանց դերի մեծացմանը:
Ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերը տեղի են ունեցել Բրյուսելում եւ Թբիլիսիում, իսկ հաջորդ փուլերը նախատեսված են անցկացնել Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում:
ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով կանանց դերը երկարաժամկետ խաղաղություն կերտելու գործում, նշել է, որ արցախյան ազատամարտի ժամանակ կանանց ակտիվ մասնակցությամբ է հնարավոր եղել կերտել այսօրվա հարաբերական խաղաղությունը:





























