Ադրբեջանի եւ Ալիեւի հանցագործ իշխանությունը հերթական դավադիր եւ նենգ քաղաքականությունն է իրականացնում. սակայն ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, եթե ոչ միջազգային հանրությունը, այդ թվում ԵԽԽՎ-ն:

Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում նշել է այդ կառույցում հայկական պատվիրակության անդամ Միքայեռլ Մելքումյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«2016 թվականի դեկտեմբերի 29-ին առավոտյան Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածում Չինարի գյուղի մոտակայքում հայ-ադրբեջանական պետական սահմանում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն հարձակման եւ ներթափանցման փորձ:

Հայկական կողմն արժանի հակահարված է հասցրել հակառակորդին, սակայն, ցավոք, ունի երեք զոհ՝ մեկ սպա եւ երկու զինվոր:

Ընդ որում՝ պետական սահմանի այդ հատվածում չկա եւ ոչ մի ռազմական օբյեկտ, դրա փոխարեն գնդակոծվել են սահմանից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող դպրոցը եւ մանկապարտեզը:

Այսպիսով, խախտվել են խաղաղ բնակչության իրավունքները:

Հայաստանի տարածքում գտնվել է նաեւ հակառակորդի զոհերից մեկի դին:

Հարց է առաջանում. ինչպե՞ս է հայտնվել հակառակորդի դիակը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Փաստորեն, Ադրբեջանի եւ Ալիեւի հանցագործ իշխանությունը հերթական դավադիր եւ նենգ քաղաքականությունն է իրականացնում: Սակայն ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, եթե ոչ միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, այդ թվում եւ՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը:

Ո՞վ պետք է պատասխան տա զոհվածների ծնողներին եւ հարազատներին:

Ես հարցնում եմ դահլիճում նստած յուրաքանչյուրին: Եթե Ձեր զավակներն այդպես զոհվեին, Դուք ի՞նչ կանեիք:

Այո: Եվ պատահական չէ, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրող, եւ ապա, հետաքննություն իրականացնող սարքերի եւ տեխնիկական միջոցների ներդրմանը կտրուկ դեմ է Ադրբեջանի իշխանությունը, որովհետեւ մշտապես նա է խախտումներ իրականացնում:

Ուրեմն, պետք է բռնել այդ «ձեռքը» եւ տալ հանցագործի վարքագծի իրավական եւ քաղաքական գնահատականը»: