Իրանի ԱԳ նախարար Մաուչեհր Մոթաքին իր Վրաստան կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ ամուսնական դավաճանության եւ սեփական ամուսնուն սպանելու մեջ մեղադրվող Սակինե Աշտիանիի դատավճիռը կարող է մեղմացվել:
«Վերջնական որոշում դեռ չի կայացվել եւ ըստ Իրանի օրենքների, մահապատիժը կարող է մեղմացվել»,- ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Այդ բոլորը օրենքը կորոշի: Մեր կանոններից ելնելով, մարդուն կյանքից զրկողը պետք է նույնպիսի պատիժ ստանա` մահ: Թեեւ կոնկրետ այս դեպքում վերջնական որոշում չի եղել: Եթե մահացածի ընտանիքը ների մահապատժի դատապարտված մարդուն, այդ դեպքում պատժի մեղմացում կարող է լինել»,- ասել է Մոթաքին:
Նշենք, որ սկզբում Իրանի դատարանը Սակինե Աշտիանիին դատապարտել էր մտրակի 99 հարվածի` ամուսնու մահից հետո երկու տղամարդկանց հետ «արգելված կապ» ունենալու համար:
Երկու երեխաների մայր, 43-ամյա կնոջ գործը բուռն հակազդեցություն առաջացրեց Արեւմուտքի երկրներում, որի հետ կապված Իրանի իշխանությունները այս տարվա հուլիսին ստիպված էին հետաձգել դատավճռի կիրառումը: Սակայն որոշ ժամանակ անց մեկ այլ ատյանի դատարան որոշեց խստացնել պատիժը եւ Աշտիանիին դատապարտեց մահապատժի` քարկոծման եղանակով:
Սեպտեմբերի սկզբին Թեհրանը հայտարարեց, որ մտադիր է հետաձգել մահապատժի կիրառումը եւ վերանայել որոշումը: Դրանից մեկ ամիս անց, դատարանը հաստատեց մահապատժի որոշումը, բայց ոչ թե քարկոծման, այլ կախաղանի միջոցով:





























