ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Ադրբեջանին հիշեցրել է ՄԽ գործառույթների մասին։
Ավելի վաղ ԵԱՀԿ–ում Ադրբեջանի ներկայացուցչությունը հայտարարություն էր տարածել՝ քննադատելով ԵԱՀԿ ՄԽ անդամ պետությունների ղեկավարների եւ համանախագահների գործունեությունը, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչերը։
NEWS.am –ի հարցմանն ի պատասխան՝ Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությունն ուղարկել ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի արձագանքը։
«Ես եւ Մինսկի խմբի համանախագահ իմ գործընկերները մեր դիրքորոշումը հայտնել ենք հունվարի 9-ի հայտարարությամբ: Մենք շարունակելու ենք օգնել բանակցություններին, որոնց նպատակը տեւական խաղաղության հաստատումն է՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի խարտիայի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում: Մենք կշարունակենք խաղաղ կարգավորմանն ուղղված մեր միջնորդական ջանքերը, քանի դեռ կողմերը մեր ծառայությունները համարում են օգտակար: Սակայն, ի վերջո, առաջնորդները պետք է հանդես բերեն քաղաքական կամք, որն անհրաժեշտ է արդարացի ու տեւական կարգավորման համար, որն էլ խաղաղություն ու բարեկեցություն կապահովի իրենց ժողովուրդների, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի համար»,– ասված է Հոգլանդի հայտարարության մեջ։




























