«Կասպերսկու լաբորատորիայի» համակարգչային միջադեպերի հետաքննության բաժնի պետ Ռուսլան Ստոյանովին կալանավորել են պետական դավաճանության գործի շրջանակներում: Այս մասին հայտնել է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով անհայտ աղբյուրներին:
Ընկերությունից հաստատել են Ստոյանովի կալանավորման լուրը: Պարբերականի տեղեկություններով՝ 2016-ի դեկտեմբերից նա «Լեֆորտովո» մեկուսարանում է: «Կասպերսկու լաբորատորիայում» ընդգծել են, որ քննությունը կատարվում է Ստոյանովի՝ որպես մասնավոր անձի դեմ, այլ ոչ թե ընկերության դեմ:
Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ Ստոյանովի կալանավորումը կապված է Անվտանգության դաշնային ծառայության տեղակատվական անվտանգության կենտրոնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Սերգեյ Միխայլովի դեմ հարուցված գործի հետ, որը նույնպես կալանավորված է: Քննության ենթադրությամբ՝ տեղակատվական անվտանգության կենտրոնի աշխատակիցը (չի հստակեցվում՝ խոսքը արդյոք Միխայլովի մասին է) արտասահմանյան ընկերությունից փող է ստացել ռուսական ընկերության միջնորդությամբ, որն զբաղվում է տեղեկատվական անվտանգությամբ:
Chronopay վճարային համակարգի հիմնադիր Պավել Վռուբլյովսկին պարբերականին ասել է, որ Միխայլովը «ոչ պաշտոնապես որոշում է քիբերանվտանգության եւ համացանցային կոմերցիայի ամբողջ ճյուղի քաղաքականությունը»: Արդյունքում՝ նրա կալանքը կարող է անդրադառնալ քիբերանվտանգության եւ էլեկտրոնային կոմերցիայի շուկաների վրա:




























