Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով գլխավոր դատազախության որոշումը Մինսկի քաղաքային դատարանում բողոքարկվել է:

Լապշինի փաստաբանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ նիստը կայանալու է հունվարի 26-ին, ժամը 14:00-ին: Այն փակ է լինելու:

Նշենք, որ բողոքը ներկայացվել է հունվարի 24-ին, եւ դատարանը շատ օպերատիվ այն քննելու օր է նշանակել: Քաղաքային դատարանի որոշումը հետագայում հնարավոր կլինի բողոքարկել Բելառուսի Գերագույն դատարանում: Սակայն ՄԻԵԴ-ում գործը չի կարող ներկայացվել, քանի որ Բելառուսը ՄԻԵԴ-ի անդամ չէ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին դեմ էին արտահայտվել Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանն ու արտահանձնմանը՝ մատնանշելով խոսքի ազատության իրավունքին հետեւելու անհրաժեշտությունը:

Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։  Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար: