Հայաստանի ԱԳՆ-ն պետք է տեղեկացնի ԼՂՀ այցելած բոլոր քաղաքացիներին, որ Բելառուս այցելելը վտանգավոր է եւ կարող է ավարտվել ադրբեջանական բանտում: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:
«Հունվարի 20-ին Բելառուսի Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել, Բաքվի պահանջով, Ադրբեջանին հանձնել Մինսկում ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Հիշեցնենք, որ Ադրբեջանը պահանջում է Լապշինին հանձնել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար (Ադրբեջանը որակում է, որպես իր պետական սահմանի ապօրինի հատում):
Լապշինը եւ նրա փաստաբանները որոշման պահից սկսած ունեն 10 օր այն բողոքարկելու համար: Ու թեեւ բլոգերը դեռեւս Բելառուսում է եւ կա հավանականություն, որ իր իսրաելական ու ռուսական անձնագրերը կփրկեն իրեն Ադրբեջան արտահանձնվելուց, սակայն որոշակի եզրահանգումներ արդեն կարելի է անել:
Դեպի ապահո՞վ Բելառուս
Մինսկի՝ Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը ցույց է տալիս, որ Բելառուսի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը ավելի կարեւոր է, քան իր միջազգային հեղինակությունը՝ որպես երկիր, որտեղ, եթե ոչ տեղացիների, ապա օտարերկրյա քաղաքացիների իրավունքները պաշտպանված են: Փաստորեն, եթե Բելառուսը ՌԴ եւ Իսրայելի քաղաքացիություն ունեցող անձին կարող է հանձնել Բաքվին, ապա կարող է նույնն քայլն անել նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելած ցանկացած անձի հանդեպ:
Նաեւ ՀՀ քաղաքացինե՞րը
Ըստ երեւույթի՝ նմանօրինակ իրավիճակում կարող են հայտնվել նաեւ Ղարաբաղ այցելած Հայաստանի քաղաքացիները: Ի՞նչ տարբերություն Ղարաբաղ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի բլոգերի եւ Ղարաբաղ այցելաց որեւէ այլ անձի միջեւ: Երկուսն էլ փաստացի հատում են Ղարաբաղի սահմանը, որը, ըստ Բաքվի, հանդիսանում է հայ-ադրբեջանական սահմանի ապօրինի հատում:
Այսինքն, այսուհետ ԼՂՀ այցելած ցանկացած անձ Բելառուս այցելելիս հայտնվում է Ադրբեջան արտահանձնվելու վտանգի տակ:
Նմանօրինակ իրավիճակում Հայաստանի ԱԳՆ-ն առնվազն պիտի ջանք չխնայի, որպեսզի տեղյակ պահի Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնված կամ երբեւէ ԼՂՀ այցելած բոլոր մարդկանց, որ Բելառուս այցելելը նրանց համար այլեւս ապահով չէ:
Ավելին, ԱԳՆ-ն պետք է առաջին հերթին նման վտանգի մասին տեղեկացնի ՀՀ քաղաքացիներին (որոնցից շատերը եղել են Արցախում): ԼՂՀ այցելած բոլոր քաղաքացիները պետք է իմանան, որ Բելառուս այցելելը վտանգավոր է եւ կարող է ավարտվել ադրբեջանական բանտում:
«Բարեկամներ»
Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար անհանգստության տեղիք տվող ամենակարեւոր հանգամանքը պիտի լինի այն, որ Մինսկը չնայած պաշտոնապես Հայաստանի դաշնակիցը լինելուն՝ ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում, պարբերաբար հակահայկական քայլեր է ձեռնարկում:
Լապշինի արտահանձումը բնականաբար քաղաքական պատճառաբանում ունի՝ պայմանավորված Բելառուս-Ադրբեջան սերտ հարաբերություններով: Ոչինչ չի բացառում, որ Մինսկի օրինակին հետեւեն Ադրբեջանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող այլ երկրները:
Այս պարագայում, խոսքը Թուրքիայի, Պակիստանի ու Ղազախստանի մասին է, որոնք եւս կարող ենք սկսել Բաքվից ստանալ ու բավարարել «Ադրբեջանի սահմանը ապօրինի հատած» անձանց արտահանձնման դիմումներ:




























