Ես մարդկանց ընտրում եմ՝ ելնելով նրանց որակներից եւ հավակնություններից։ Այս մասին հունվարի 25-ին՝ Երեւանում Eurasia Mobile Challenge նորարարությունների միջազգային մրցույթի տարածաշրջանային եզրափակչի ժամանակ, ասաց լոնդոնցի ձեռներեց եւ միջազգային ներդրող, Octopus ներդրումային ընկերության ներկայացուցիչ Դեբու Փուրքայասթան, որը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում Google–ի հետ միաձուլվելու ծրագրեր է վարել։
Ստարտափը հաջող իրականացնելու համար անհրաժեշտ առանցքային գործոնների թվում նա առաջին հերթին նշեց լավ թիմի եւ արդիական գաղափարի առակայությունը: Այնուհետեւ հաջորդում է շուկան, որին կողմնորոշվել եք եւ անհրաժեշտ միջոցների հայթայթումը ու դրանց ռացիոնալ օգտագործումը: Սակայն այս ամենն անիմաստ կլինի, եթե երիտասարդ ձեռներեցները պատրաստ չեն լիովին նվիրվելուն:
Փուրքայասթան նաեւ Հայաստանում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնեց:
«Բիզնեսին իմ մոտեցումը համընդհանուր ընդունվածից մի փոքր տարբերվում է: Ես նախընտրում եմ խաղադրույք կատարել ոչ թե բիզնեսի վրա, այլ մարդկանց, նրանց որակների եւ հավակնությունների: Ինչը եւ այսօր անում է համացանցային խոշորագույն կորպորացիաներից մեկը: Մի քանի տարին մեկ այն նոր մարդկանց է ընդունում եւ նոր արտադրանք ստեղծում: Ճիշտ, հեռանկարային մարդիկ հաջողության առանցքային գրավականն են:
Գաղափարն ինքնին կարեւոր նշանակություն ունի: Այն պետք է արդիական, հետաքրքիր լինի եւ թափ ունենա: Հայաստանում ՏՏ շուկան յոթ մղոնանոց քայլերով է զարգանում, եւ հաջող բիզնեսի համար մեծ հեռանկարներ կան: Ես Հնդկաստանում եմ ծնվել, հայկական խոշոր սփյուռքի հարեւանությամբ: Իմ համոզմամբ՝ ձեր կրթական համակարգը շատ արմատական մոտեցում ունի այնպիսի գիտությունների հանդեպ, ինչպիսին են մաթեմատիկան եւ ֆիզիկան, դա կարող է կարեւոր դերակատարում ունենալ սթարթափի ստեղծման ճանապարհին: Բայց ձեզ մոտ նաեւ հաջողության հասնելու անհագ ձգտում կա»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում:
Ի պատասխան NEWS.am-ի՝ ստարտափի լավագույն օրինակին վերաբերող հարցին, նա նշեց՝ Google-ը. «Պատկերացրեք հեռավոր 1996 թվականը, երկու ուսանողի, հին ավտոտնակ եւ հանճարեղ գաղափար: Նրանք ցանկանում էին, որ դա աշխատի, եւ աշխատեց առանց ներդրողների, առանց աշխատակիցների մեծ թիմի: Այժմ այն բազամամիլիարդանոց կորպորացիա է՝ ո՞վ կմտածեր»:
Ներդրողը ապագան այնպիսի ուղղություններում է տեսնում, ինչպիսին են արհեստական ինտելեկտը եւ մեքենայական ուսուցումը, վիրտուալ (VR) եւ լրացված (AR) իրականությունը, տվյալների մեծ բազաները:
Նշենք, որ «ՎիմպելԿոմ» ընկերության կազմակերպած մրցույթի նպատակն է գտնել բջջային, ֆինանսական եւ digital ծառայությունների ոլորտում թասրմ գաղափարներ։ Տարածաշրջանային եզրափակիչ փուլին մասնակցում են 8 երկրների 24 թիմեր։ Հաղթող թիմերը կհրավիրվեն Բարսելոնում Համաշխարհային բջջային կոնգրեսին (Mobile World Congress 2017) մասնակցելու, որը կկայանա 2017-ի փետրվարի վերջին։




























