Իրանցի գործարարներին ներկայացվել են մուլտիմոդալ բեռնափոխադրման առավելությունները: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության,  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համատեղ նախաձեռնությամբ եւ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում իրանցի գործարարների հետ: Հարեւան երկրից ժամանած հյուրերին ներկայացվեցին  Հայաստանի` որպես տարանցիկ երկրի հնարավորությունները Իրան - Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելիս:

Հանդիպման ընթացքում  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչը գործարարներին ներկայացրեց իրենց բազմամյա փորձառությունը բեռնափոխադրումների կազմակերպման ոլորտում:

Իրանցի գործարարները ծանոթացան նաեւ մուլտիմոդալ փոխադրման առաջին հաջող փորձին: Անցած տարվա նոյեմբերին տրվեց Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեկնարկը. փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվեց Փոթի, այնուհետեւ երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան:

Փորձնական մեկնարկը տեսանելի դարձրեց Փոթիից Երասխ կոնտեյներների տեղափոխման համար անհրաժեշտ ժամանակը՝ 38 ժամ, որը բավական լավ ցուցանիշ է:

Բեռների փոխադրման այս մոդելը շահեկան է նաեւ հուսալիության առումով: Բավական է նշել, որ Եվրոպայում կոնտեյների վրա դրված կապարակնիքը մնում է ամբողջական մինչեւ բեռը Թեհրան հասցնելը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդեւի խոսքով` փոխադրումներ իրականացնելիս  հնարավոր է նկատի ունենալ յուրաքանչյուր պատվիրատուի անհատական պահանջները եւ մատուցվող ծառայությունը հարմարեցնել այդ պայմաններին:

Դմիտրի Գվոզդեւը խոսեց նաեւ բեռների ապահովագրության եւ գործընթացի կազմակերպման «մեկ պատուհան» սկզբունքի մասին:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գերակայություններից համարվող այդ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեծացնել Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալը՝ նպաստելով Իրանի հետ առեւտրային հարաբերությունների զարգացմանը: