Կրթության եւ գիտության նախարարությունն առաջիկա օրերին կհրապարակի Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման թեստը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը:

Լ. Գրիգորյանի խոսքով՝ այս պահին թեստերը կազմող աշխատանքային խումբն աշխատում է՝ կատարելով վերջնական տեխնիկական շտկումներ, եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա երկու օրերին թեստերը կհրապարակվեն:

Թեստերի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից կընդունվեն հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման թեստը հանձնելու դիմումներ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված քաղաքացիներից:

Թեստը բաղկացած է լինելու 30 հարցից՝ հիմնվելով հայոց լեզու առարկայի հանրակրթական ծրագրի վրա. որպես անցողիկ միավոր ընտրվել է 27-ը: Թեստի յուրաքանչյուր հարցը գնահատվելու է մեկ միավոր: «Համակարգչային ծրագիրը, թեստը ձեւավորելուն զուգահեռ, վերջում դուրս կբերի նաեւ ճիշտ պատասխանները, ինչը կբացառի սուբյեկտիվիզմի գործոնը: Այդ հանգամանքը նաեւ թույլ է տալիս, որ թեստն ընդունող հանձնաժողովը բաղկացած լինի հայոց լեզվի մասնագետներից»,-ասաց Լ. Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ կրթության նախարարի հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելու պահանջ: Հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան»:

Համաձայն հաստատված կարգի` Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է համապատասխան տեղեկանք: Ըստ կարգի` տեղեկանք ստանալու համար քաղաքացին պետք է դիմի ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

1.    Համարակալված բառերում բաց թողած տառերը (տառակապակցությունները) պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

Ի վերջո նա որոշեց վրեժխն-իր (1) լինել մորիցª իրեն  նե-ահարելու (2) համար և արտասովոր գեղեցիկ մի ոսկեզ-ծ (3) թիկնոց ու-արկեց (4) նրան: 

1.  (1) թ, (2) դ, (3) ո, (4) ղղ
2.  (1) տ, (2) թ, (3) ե, (4) խ
   3.  (1) դ, (2) տ, (3) օ, (4) ղ


2.    Համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

Թավրիզում երեկոն ի-նում (1)  էր աղո-քի  (2)  կանչող մոլլաների ձայնին զուգըն-աց (3): 

1.  (1) չ, (2) տ, (3) դ 
2.  (1) ջ, (2) թ, (3) թ
   3.  (1) ճ, (2) տ, (3) բ

Ուղղախոսություն
1.    Ո՞ր բառում է ընդգծված ո-ն արտասանվում վօ.

1)    եռոտանի
2)    կարճաոտ
3)    ցածրորակ

2.    Ո՞ր բառում է ընդգծված ո-ն արտասանվում վօ.

1)    չափորոշիչ
2)     արջաորս
3)    կրծոսկր, 

1.    Ո՞րն է բառի ճիշտ բացատրությունը:

1)    ադամորդի - մարդ արարած
2)    անպաճույճ - առանց սխալվելու 
3)    ծանծաղ  - մեծ խորություն ունեցող

2.    Ո՞րն է բառի ճիշտ բացատրությունը:

1)     սրվակ - ապակյա փոքրիկ անոթ
2)    բախտակ - բախտավոր 
3)    գրգամոլ - դժվար կյանք սիրող

3.    Ո՞րն է բառի ճիշտ բացատրությունը:

1)    երկարաճիտ - երկար վիզ ունեցող
2)    հելլեն - չինացիների հին անունը
3)    վարազ – որսկան շուն