Որպեսզի հայկական ստարտապերը կարողանան միջազգային շուկա դուրս գալ, նրանք պետք է սկսեն ավելի գլոբալ մտածել։ Այս մասին հայտնել է IE Business School–ի Venture Lab –ում ձեռներեցության պրոֆեսոր ու կառավարող տնօրեն դոկտոր Պարիս դե Լետրազը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ՝ Երեւանում անցնող Eurasia Mobile Challenge նորարարությունների միջազգային մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլի շրջանակում։

«Հայաստանը հսկայական ներուժ ունի ու ոչ միայն ՏՏ ոլորտի սրընթաց զարգացման պատճառով։ Հսկայական առավելություն է տալիս ակտիվ միջազգային կապերի առկայությունը, մանավանդ Ռուսաստանի հետ։ Այստեղ ստեղծվող ստարտապերը հրաշալի հնարավորություն ունեն դուրս գալ երկրի սահմաններից , ընդլայնել իրենց շուկան ու թարգետավորել իրենց գործունեությունը։ Շատ գաղափարներ հարմար կլինեն թե եվրոպական, թե ամերիկյան շուկաների համար։ Իհարկե միշտ էլ կան ստորջրյա խութեր։ Աշխարհում տեխնոլոգիաները մշտապես փոխվում են ու պետք է ժամանակի հետ համաչափ քայլել։ Չարժե սահմանափակվել արդեն յուրացրածով, դա վերաբերում է թե ծրագրավորմանը, թե առհասարակ բիզնես վարելուն։ Հայաստանը պետք է սկսի ավելի գլոբալ մտածել, ավելի բաց դառնա արտաքին միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Կարծում եմ՝ դուք ճիշտ ուղու վրա եք»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է բուն միջոցառմանը՝ ապա ներդրումային- բանկային ու վենչուրային ֆինանսավորման ոլորտում ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող դոկտորը շեշտեց, որ մրցույթը զգալիորեն ընդլայնվել է անցած տարվա համեմատ։ Նշենք, որ մասնակցության հայտերի թիվը գերազանցել էր 1000-ը։

Հիշեցնենք, որ Երեւանում հունվարի 25-ին անցնում է Eurasia Mobile Challenge նորարարությունների միջազգային մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլը, որը կազմակերպել են «ՎիմպելԿոմ» –ն ու «Beeline Հայաստանը»։

Անցած լոկալ փուլերի արդյունքներով՝ եզրափակիչ են դուրս եկել 8 երկրների 24 թիմեր՝ Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի ու Ուզբեկստանի։ Հայաստանը ներկայացնում են Earlyone, Terreva, Certifire թիմերը։

Հաղթող թիմերին հրավիրելու են Բարսելոնա՝ Համաշխարհային Մոբիլ կոնգրեսին , որը կայանալու է 2017-ի փետրվարին։ Բացի դրանից նրանք կստանան USD $20,000, USD $15,000, USD $10,000-ի չափով դրամական պարգեւներ՝ համապատասխանաբար 1-ին, 2-րդ ու 3-րդ տեղերի համար։