Մասնակցությունը Eurasia Mobile Challenge նորարարությունների միջազգային մրցույթին՝ Earlyone ստարտափի համար նշանակում էր նախեւառաջ մասնագիտական կապեր ու նախագիծը ներկայացնելու հնարավորություն։ Երեւանում հունվարի 25-ին կայացած մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլի շրջանակում, որը կազմակերպել էր Beeline-ը Հայաստանում, NEWS.am –ի թղթակիցը զրուցել է Limetech ընկերության տնօրեն ու Earlyone հավելվածի հեղինակ Գեւորգ Սաֆարյանի հետ:
Բարեւ, Գեւորգ
Ողջույն
Ինչքա՞ն ժամանակ է գոյություն ունի ձեր ստարտափը
Նախագիծը որպես այդպիսին սկսել է գործել 1․5 տարի առաջ։ Նախ մենք մեծ կորպորացիաների ու ընկերությունների համար ստեղծել ենք էլեկտրոնային հերթերի համակարգ։ Հետո հայտնվեց բջջային հավելվածի գաղափարը, որպեսզի մարդիկ կարողանան հերթում տեղ ամրագրել ու իրենց թանկարժեք ժամանակը չվատնեն։
Այսինքն ամեն ինչ սկսվել է հրատապ խնդրի լուծում գտնելու անհրաժեշտությունի՞ց
Մենք հերթերի կառավարման համակարգերի տրամադրման մեծ փորձ ունենք։ Limetech-ը նմանատիպ ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է։ Աշխատանքի ընթացքում մենք հասկացանք, որ անհրաժեշտ է ոչ այնքան կանոնակարգել հերթերը, որքան գտնել դրանք առհասարակ վերացնելու միջոց։ Անկախ նրանից՝ դու հարմարավետ պայմաններում ես, թե ոչ, դու դրա վրա ժամանակ ես վատնում, ինչը այսօր անթույլատրելի ճոխություն է։
Այդպես հայտնվեց հավելվածի գաղափարը ․․․
Ստանձնելով մարդկանց հերթերից խուսափելու հարցում օգնելու առաքելությունը՝ մենք սկսեցինք որոնել համապատասխան լուծումներ ու տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս իրականացնել մտածվածը։
Հավելվածը ստեղծելու ճանապարհին բարդություններ եղե՞լ են
Ավելի շատ տեխնիկական բնույթի։ Բայց մենք ուժեղ թիմ ունենք ու միշտ ձգտում ենք հնարավորինս արագ գտնել խնդրի լուծումը
Արդեն հաճախորդների որոշակի բազա կա՞
Այս պահին հավելվածը գործում է 11 ընկերությունների համար, բայց առաջիկա ամիսներին առնվազն եւս 5-ը կմիանան։ Խոսքը գերազանցաբար խոշոր հեռահաղորդակցային ընկերությունների ու ֆինանսական կազմակերպությունների մասին է
Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Ներբեռնում եք հավելվածը, ընտրում ընկերությունը ու ստանում կոդ՝ տեղում տերմինալի ծրագրում այն մուտքագրելու համար։ Այսպիսով համակարգը տեղեկացնում է ձեր գալու մասին։
Հնարավո՞ր է նույնատիպ համակարգ հիվանդանոցներում ներդնել
Մենք մի քանի հիվանդանոցի հետ համագործակցում ենք։ Նրանց համար իհարկե հատուկ ծրագիր ենք մշակել՝ հաշվի առնելով նրանց գործունեության յուրահատկությունը։ Սակայն մենք բաց ենք ցանկացած առաջարկների համար։ Եթե տեսնում ենք, որ պահանջ կա, ապա ինքներս ենք ընկերություններին առաջարկում ներդնել մեր համակարգը, երբեմն էլ նույնիսկ անվճար հիմունքներով, վերցնելով միայն սպասարկման վճարը։ Գրեք մեզ, մենք միայն ուրախ կլինենք։
Դուք ներդրողներ ունե՞ք
Ոչ, մենք միշտ ինքներս ենք զբաղվել ֆինանսավորմամբ։ Վերջերս ստացանք այսպես կոչված matching grant՝ Հայաստանի կառավարության կողմից համաֆինանսավորման ծրագրի շրջանակում։ Սակայն փորձը ցույց տվեց, որ արագ զարգացման համար ընկերությանը փող է պետք։ Ցավոք, վենչուրային ներդրողներ Հայաստանում այնքան էլ շատ չեն, այնպես որ այդ հարցը բաց է մնում։ Պետք է գալ ընդհանուր փոխհամաձայնության ու հասկանալ՝ ինչ մենք կարող ենք առաջարկել, իսկ ինչ՝ նրանք, բացի գումարային միջոցներից։
Ձեր համակարգի անալոգներ գոյություն ունե՞ն
Այո, բայց դրանք այդքան արդյունավետ չեն, մանավանդ մեր կողմից ընտրված շուկաներում։ Բացի դրանից մենք ավելի համակարգային մոտեցում ունենք խնդրին՝ մենք ներկայացնում ենք ոչ միայն հերթերը կարգավորող համակարգեր, այլեւ անձնակազմերի կառավարման համակարգ, գումարած հեռահաղորդակցային մեթոդներ։
Դուք միայն Հայաստանի՞ շուկայի վրա եք մասնագիտացած
Ոչ, մեր ծրագիրը մշակված է լայն զանգվածների համար ու կարող է կիրառվել արտասահմանում։ Դա վերաբերում է ոչ միայն ԱՊՀ երկրներին։ Մենք ունենք դիստրիբյուտորներ Եթովպիայում ու Ֆրանսիայում։
Մարկետինգային արշավները այստեղի՞ց են իրականացվում
Այո, բայց մենք արդեն տեղական վաճառքի մի քանի մենեջերներ ունենք ու արտասահմանում փորձագետ խորհրդականներ։
Դուք անցել եք Eurasia Mobile Challenge նորարարությունների միջազգային մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլ։ Ի՞նչ է տվել դա ձեզ
Նախեւառաջ մասնագիտական կապեր ու մեր նախագիծը ներկայացնելու հնարավորություն։ Մեզ մնում է օգտվել ստացված տեղեկություններից ՝ միջազգային շուկայում ստարտապի հետագա առաջ մղման համար։
Դե ինչ, հաջողություն ենք մաղթում ձեզ
Շնորհակալություն
Ազազել Սարկիզովա




























