Google Pixel-ի սմարթֆոնների երկրորդ սերունդը ջրից լիովին պաշտպանված կլինի: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է 9to5Google-ի գլխավոր խմբագիր Սթիվեն Հոլլը՝ վկայակոչելով մշակողների խմբից աղբյուրին, փոխանցում է Lenta-ն: 

Հոլլի հետ զրույցում ընկերության աշխատակիցը նշել է, որ «Pixel-ի նոր սերնդի սարքերում խոնավությունից պաշտպանություն հաստատապես կլինի»: Նրա խոսքով՝ այն ցանկանում էին ավելացնել դեռեւս առաջին սերնդի «գուգլոֆոններում», սակայն ժամանակի սղության պատճառով չեն հասցրել իրականացնել:

Google-ը Pixel-ը եւ Pixel XL-ը ներկայացրել է հոկտեմբերի սկզբին: Ընկերությունում պնդում են, որ հեռախոսները շուկայում ամենալավ խցիկն ունեն: DxOMark-ի մասնագետները նրա համար ամենաբարձր վարկանիշն են սահմանել՝  89 միավոր: Երկու հեռախոսներն էլ Snapdragon 821 պրոցեսոր ունեն եւ 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, ինչպես նաեւ 32/128 գիգաբայթ ծավալով կուտակիչ: