Հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանը փակ նիստում մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Ադրբեջան արտահանձնման մասին Բելառուսի դատախազության որոշման հետ
Լապշինի փաստաբանը NEWS.am-ին ասաց, որ դատարանը մի քանի ժամ բողոքն ուսումնասիրել է, եւ վերջում մերժել՝ իր որոշումը պատճառաբանելով դատախազության ընդունած որոշման օրինականությամբ:
«Քաղաքային դատարանի որոշումն անկասկած կբողոքարկվի Գերագույն դատարանում: Վաղը մենք կստանանք որոշման պատճենը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ բլոգերի ընտանիքը եւ փաստաբանները որոշումից հիասթափված են, քանի որ դատարանի կողմից արդարության հույս ունեին:
Գերագույն դատարան բողոքը ներկայացնելու համար 10 օր ժամկետ է տրամադրվում: Վերջնաժամկետը փետրվարի 5-ն է:




























