Այսօր` նոյեմբերի 4-ին  կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի անակնկալ եւ կտրուկ հայտարարություններ կատարեց, որի հետեւանքով, հավանաբար, մեկ տասնյակից ավելի պետական ծառայողներ կազատվեն աշխատանքից։

Վարչապետը սկսեց նրանից, որ հանրապետության նախագահը սահմանային անցակետ այցելելուց հետո դժգոհ է մնացել մի շարք գերատեսչությունների աշխատանքից եւ հանձնարարել կառավարությանը՝ համապատասխան միջոցների դիմել։ Հարցը վերաբերում է ոչ միայն հարկային եւ մաքսային ծառայություներին, այլ այն բոլոր գերատեսչություններին, որոնք առնչվում են քաղաքացիների ու բեռների սահմանը հատելու հետ։ Վարչապետն առանձնացրեց 3 ոլորտ։

Առաջինը գյուղնախարարության ստորաբաժանումների աշխատանքն է, որը, մասնավորապես, առնչվում է թունաքիմիկատների հետ։ Վարչապետի հանձնարարությամբ գյուղնախարարն արդեն իսկ ստուգումներ է իրականացրել թունաքիմիկատներ ներմուծող եւ իրացնող կազմակերպությունների շրջանում եւ հայտնաբերել 1 խախտում։ Այդ խախտման հետքերով գնացել է նաեւ կառավարության վերահսկողական վարչությունը։ Արդյունքում՝ աշխատանքից ազատվել է գյուղնախարարության լիցենզավորման վարչության պետը, հիմա քննարկվում է բուսասանիտարիայի պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանի պաշտոնավարության հարցը։ Ընդհանուր առմամբ՝ վարչապետը հատկապես դժգոհ էր այս տեսչության աշխատանքից։

Երկրորդ ոլորտը վերաբերում էր սահմանամերձ գյուղերի բնակիչներին վարկային ռեսուրսներ հատկացնելուն։ Ըստ վարչապետի՝ 2 տարի է, ինչ անընդհատ խոսում ենք վարկային ռեսուրսները սահմանամեձ գոտում հասանելի դարձնելու մասին, կառավարությունը նույնիսկ ծրագիր է կազմել եւ միջոցներ հատկացրել, սակայն որեւէ առաջընթաց չկա։ Գյուղացիները պետք է անտոկոս վարկեր ստանան, սակայն առայժմ միայն դժգոհություններ են լսվում։ Ֆինանսների նախարարին հանձնարարվեց այդ գործընթացի համար պատասխանատու ստորաբաժանումում համապատասխան կադրային եւ կառուցվածքայհին փոփոխություններ կատարել։

Եւ վերջապես արծարծվեց առողջապահության եւ կրթության ոլորտների հարցը։ «Կոռուպցիան այդ ոլորտներում խորացել է»,- հայտարարեց վարչապետը։ Դրա մասին են վկայում ինչպես մամուլում հրապարակվող նյութերը, այնպես էլ կառավարության վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները։ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հանձնարարվեց 10-օրյա ժամկետում ներկայացնել «պարզ եւ հասկանալի» ծրագիր՝ կոռուպցիան հաղթահարելու համար։ Առավել խիստ պահանջներ դրվեցին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանդեպ, որն ի դեպ բացակայում է հանրապետությունից եւ նիստին չէր մասնակցում։ Նրան առաջարկվեց քննարկել փոխնախարարների եւ աշխատակազմի ղեկավարների պաշտոնանկության հարցը, եթե բավարար չեն պայքարում կոռուպցիայի դեմ։ Նիստից հետո առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանն ակնհայտ շփոթված էր, եւ լրագրողների հարցումներին միայն պատասխանեց, որ կադրային եւ կոռուպցիոն հարցերը դեռ պետք է ուսումնասիրել։