Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` նոյեմբերի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով մեկնաբանեց վարչապետի քննադատական դիտողությունը՝ կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ կրթական համակարգում կոռուպցիա եղել է խորհրդային տարիներից սկսած, այդ մշակույթն ամրապնդվել եւ զարգացել է անկախության տարիներին։
«Կոռուպցիան ունի բազմաթիվ դրսեւորումներ մեր ոլորտում՝ ընդունելության քննություններից սկսած մինչեւ ընթացիկ քննություններ, կոռուպցիոն դրսեւորումներ կան նաեւ դպրոցներում՝ ապօրինի դրամահավաք եւ այլն»,- ասաց Աշոտյանը։ Նրա համոզմամբ՝ այսօր իրավական գործիքները կա՜մ թերի են կիրառվում, կա՜մ թույլ են եւ թույլ չեն տալիս նախարարությանն ավելի կտրուկ քայլերի դիմել։ Նա, սակայն, խոստացավ, որ տասնօրյա ժամկետում կմշակվի առաջարկությունների փաթեթ, ուր կներառվեն իրավական դաշտի վերանայման եւ կրթության ֆինանսավորման բարելավման առաջարկություններ։ Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա նախարարն ասաց, որ վարչապետի այդ հանձնարարականը ընկալում է որպես փոփոխություններ այն ուսումնական հաստատություններում, որոնց ղեկավարները ունակ չեն լինի պայքարել կոռուպցիայի դեմ։




























