Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը ուշադիր հետեւում է բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպի հետաքննությանը։ Այս մասին նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է հունվարի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով վերջին միջադեպի՝ զինծառայող Շավարշ Գալստյանի քննության վարկածով ինքնասպանության մասին հարցին՝ նախարարը նշեց, որ քննությունը դեռ շարունակվում է։ Վիգեն Սարգսյանի խոսքով, իրեն զեկուցված տեղեկություններում որեւէ տվյալ չկա զորակոչի կամ զինծառայողի ծառայության վայրին առնչվող խախտումների մասին։ «Մենք հետեւում ենք յուրաքանչյուր գործին»,- վստահեցրել է նախարարը։
Շեշտելով, որ յուրաքանչյուր դեպքը ողբերգություն է, ու նախարարության ղեկավարությունը ձգտում է կիսել ցավը զոհվածների հարազատների հետ, նախարարը միաժամանակ նկատել է, որ վիճակագրության համաձայն՝ ինքնասպանությունները ամենեւին էլ միայն բանակում չեն կատարվում։ «Ըստ վիճակագրության՝ բանակում ինքնասպանությունները քառակի հազվադեպ են, քան քաղաքացիական կյանքում զինծառայողների հասակակիցների շրջանում»,- ասել է Վիգեն Սարգսյանը։





























