Հայաստանի կառավարությունն այսօր` նոյեմբերի 4-ին բացասական եզրակացություն տվեց խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության անդամների (Արմեն Մարտիրոսյան, Լարիսա Ալավերդյան, Ստյոպա Սաֆարյան, Անահիտ Բախշյան, Րաֆֆի Հովհաննիսյան եւ Զարուհի Փոստանջյան) օրենսդրական առաջարկությանը՝ նվազագույն աշխատավարձը սահմանել 45 հազար դրամ (125 դոլար)։
Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ նման կտրուկ բարձրացումը (այսօր նվազագույն աշխատավարձը կազմում է 30 հազար դրամ) կխաթարի մակրոտնտեսական կայունությունը, ուստի նպատակահարմար են գտնում 2011 թ. պետական բյուջեում այն բարձրացնել ընդամենը 2,5 հազար դրամով եւ սահմանել 32,5 հազար դրամ (90 դոլար)։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին հայտարարեց, որ նվազագույն աշխատավարձի չափը պայմանավորված է մակրոտնտեսական իրավիճակով. եթե տնտեսական աճը բարձր լինի, հնարավոր կլինի նաեւ այն բարձրացնել դրան համապատասխան։




























