2011 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակառուները հնարավորություն կստանան Հայաստանի ցանկացած առեւտրային բանկից թոշակները ստանալ անկանխիկ։ Կառավարություն այդ մասին այսօր` նոյեմբերի 4-ին համապատասխան որոշում ընդունեց։ Նշենք, որ ներկա պահին կենսաթոշակները հիմնականում վճարվում են «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով, որտեղ կուտակումներ եւ հերթեր են առաջանում։ Այն թոշակառուները, ովքեր չեն ցանկանա բանկերից որեւէ մեկում կենսաթոշակային հաշիվ բացել՝ կշարունակեն կանխիկ գումարը ստանալ նախկինի պես։ Ի դեպ՝ կառավարությունը ֆինանսավորելու է բանկային քարտերի տրամադրումը՝ թոշակառուները դրանք կստանան անվճար։
Սակայն չի կարելի ասել, որ թոշակի բանկային սպասարկումը թոշակառուին ամբողջովին կազատի հոգսերից։ Նրանք պարտավոր կլինեն տարին մեկ անգամ այցելել նոտարի մոտ եւ բանկին ներկայացնել տեղեկանք՝ իրենց ողջ լինելը հաստատելու մասին։




























