Հայաստանի կրթական քաղաքականությունը հիմնված է մարդասիրության, հանդուրժողականության, ներառականության եւ համամարդկային արժեքների վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԵՄ կրթական համագործակցության ծրագրերը:
ԵՄ դեսպանը մտահոգություն է հայտնել ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարված մի գրառման վերաբերյալ, որի օգտատերը գրանցված է որպես ուսուցիչ: ԿԳ նախարարը նշել է, որ հայ աղջկա եւ սեւամորթ տղամարդու ընտանեկան լուսանկարի առնչությամբ աղմուկ բարձրացրած գրառումը մտահոգել է նաեւ իրեն: Այդ կապակացությամբ նախարարն օրեր առաջ նամակով դիմել է Երեւանի քաղաքապետին եւ առաջարկել ձեւավորել համապատասխան աշխատանքային խումբ` տվյալ ուսուցչի մանկավարժական գործունեությունն ուսումնասիրելու եւ անհրաժեշտության դեպքում նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կրթական քաղաքականությունը հիմնված է մարդասիրության, հանդուրժողականության, ներառականության եւ համամարդկային արժեքների վրա:«Ինձ այդ պատմությունը խորը մտահոգություն է պատճառել ոչ միայն այն պատճառով, որ գրառման հեղինակը ուսուցիչ է: Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, որտեղ սահմանադրորեն դատապարտվում են ռասիզմը, այլատյացությունը, խտրականությունը: Հայ ժողովրդին բնորոշ է հանդուրժողականությունը, ինչով էլ պայմանավորված է հայկական սփյուռքի բնականոն ընթացքը աշխարհի բազմաթիվ երկրներում: Մենք պարտավոր ենք հարգել ուրիշներին, որպեսզի կարողանանք նույն հարգանքը ակնկալել նաեւ նրանցից:»,- նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մի շարք ընթացիկ աշխատանքային հարցերի:




























