Երեւանում կայացած հայ-էմիրաթական առաջին համաժողովի անցկացումը, որին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ արաբ գործարարներ, երկու երկրների միջեւ արդյունավետ փոխգործակցության խոստումնալից սկիզբ է: Այսօր` նոյեմբերի 4-ին նման տեսակետ է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առեւտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմիին:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է գործարար համաժողովի անցկացումը եւ ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարի հերթական այցը Հայաստան` հանդիպումների պարբերականությունը:
ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմին գոհունակությամբ է խոսել իր այցի ընթացքում Հայաստանի գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների եւ համաժողովի աշխատանքի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նա նշել է, որ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջարկություններ են քննարկվել, որոնք հաջողությամբ կյանքի կկոչվեն` նկատի առնելով երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ երկկողմ գործնական եւ արդյունավետ ջանքերը:
Զրուցակիցները կարեւորել են նաեւ Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովի դերը` հույս հայտնելով, որ հետագա նիստերում հանձնաժողովը կքննարկի եւ տարբեր ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նախագծեր կհաստատի ու կյանքի կկոչի:




























