Հունվարի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ներկայացուցչական պատվիրակությանը, որը գլխավորում էր «Արաս» ազատ առեւտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին:
Պատվիրակության կազմում էին Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավոր, Տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Մոհամմադ Հասան Նեժադը, հայազգի պատգամավորներ Կարեն Խանլարյանը եւ Ժորժ Աբրահամյանը, այլ պաշտոնյաներ, գործարարներ, փորձագետներ:
Հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, նախարարության պատասխանատու պաշտոնյաներ:
Ողջունելով ԻԻՀ պատվիրակության անդամներին, Սուրեն Կարայանը նշել է, որ երկու բարեկամ երկրները համատեղ կարող են տնտեսության զարգացման ավելի արագ տեմպեր ապահովել:
- Պետք է լիարժեքորեն օգտագործենք եղած հնարավորությունները: Պետք է ձգտենք կազմակերպել համատեղ արտադրություն եւ արտադրանքի արտահանում այլ շուկաներ: Մենք հայտարարել ենք Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին եւ արդեն ընթանում են կազմակերպչական աշխատանքները:Համատեղ ջանքերով կանենք հնարավորինը այդ տարածքում մեր երկու ազատ տնտեսական գոտիների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար: Հայաստանի եւ Իրանի սահմանակից ազատ տնտեսական գոտիները պետք է դառնան տարածաշրջանի տնտեսական ակտիվության էպիկենտրոնը,- ընդգծել է Սուրեն Կարայանը:
Նախարարն առաջարկել է Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծումից հետո, հենց այդ տարածքում կազմակերպել համատեղ գործարար համաժողով` հրավիրելով բոլոր հետաքրքրված գործարարներին, որպեսզի վերջիններս տեղում ծանոթանան երկու ազատ տնտեսական գոտիների հնարավորություններին եւ առավելություններին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ Հայաստանում գտնվող պատվիրակությունը մի հրաշալի թիմ է, որը կարող է ներկայացնել Իրանի տնտեսության ողջ հնարավորությունները: Նա հավելել է, որ առաջիկայում տեսանելի կլինեն ԻԻՀ նախագահի` վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները, քանի որ երկուստեք կա քաղաքական կամք եւ մեծ ցանկություն խորացնելու եւ ընդլայնելու առեւտրատնտեսական համագործակցությունը:
«Արաս» ազատ առեւտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին իր խոսքում չափազանց կարեւորել է գործարար համագործակցությունը` հատկապես շեշտադրելով ազատ տնտեսական գոտիներում համատեղ աշխատանքի կազմակերպումը: Նա պատրաստակամություն է հայտնել ծանոթացնել հայ պաշտոնյաներին եւ գործարարներին «Արաս» ազատ առեւտրի գոտուգործունեությանը, նաեւ փոխանցել իրենց փորձը հայ գործընկերներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, մասնավորապես առանձնացվել են գյուղատնտեսությունը, կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրությունը, հանքարդյունաբերությունը, նանոտեխնոլոգիաները, արդյունաբերության այլ որլորտները, զբոսաշրջությունը:
Մեկ անգամ եւս հավաստելով տնտեսական համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը, հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ խոսքից գործի անցնելու համար անհրաժեշտ է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կնախանշի կոնկրետ քայլեր երկու երկրների տնտեսական գոտիների ակտիվ գործակցությունը կազմակերպելու ուղղությամբ:




























