Տրանսպորտային ոլորտի օրենսդրական փոփոխություններից հետո  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է կանոնավոր նոր երթուղիներ կազմակերպելու գործընթացը: Արդեն հայտարարված է միջազգային ուղեւորափոխադրում իրականացնող կանոնավոր 7 երթուղիների  մրցույթ` վեցը դեպի Ռուսաստան եւ մեկը` Իրան:

Տրանսպորտային ոլորտի օրենսդրական փոփոխություններից հետո  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է կանոնավոր նոր երթուղիներ կազմակերպելու գործընթացը: Արդեն հայտարարված է միջազգային ուղեւորափոխադրում իրականացնող կանոնավոր 7 երթուղիների  մրցույթ` վեցը դեպի Ռուսաստան եւ մեկը` Իրան:

Նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի խոսքով՝ հայտատուների թիվը բավական մեծ է, մրցակցությունն էլ՝ թեժ: Ընտրվելու են լավագույնները, որոնք կհամապատասխանեն նոր օրենքով նախատեսված բոլոր չափանիշներին: Հայտատու ընկերությունների գնահատումն իրականացվում է երկու փուլով` փաստաթղթային ստուգում եւ տեխնիկական զննություն:

Փոխադրող ընկերությունները հունվարի 27-ին Հյուսիսային ավտոկայարան էին բերել մրցույթին ներկայացված տրանսպորտային միջոցները:  5 հոգուց բաղկացած հանձնաժողովը մանրակրկիտ ստուգեց ավտոբուսները` գնահատելու համար ոչ միայն դրանց տեխնիկական վիճակը, այլեւ սրահի թարմությունը, նստարանների հարմարավետությունն ու ուղեւորների կարիքների համար նախատեսված այլ բաղադրիչներ:

«Միայն դեպի Մոսկվա սահմանված են 3 փաստացի եւ 1 պահուստային, մնացած երթուղիներում` 2 փաստացի եւ մեկ պահուստային մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ»,- ասաց Դավիթ Մելքոնյանը:

Դեպի Ռուսաստան երթուղիների համար նախատեսվում են  նաեւ մեկ փաստացի շահագործվող եւ միջին տեղատարողությամբ մեկ պահուստային ավտոբուսներ: Քանի որ, եղանակով պայմանավորված, մեծ տեղատարողությամբ ավտոբուսները Լարսի ավտոճանապարհով անցնելու հնարավորություն հաճախ չեն ունենում:

Մրցույթը կամփոփվի 5 աշխատանքային օրվա ընթացքում: Կախված ընկերություններին տրված գնահատականներից` կորոշվի նաեւ երթուղու սպասարկման ժամկետը: Արդյունքների հրապարակմանը կհաջորդի Ռուսաստանի եւ Իրանի հետ թույլտվությունների փոխանակումը: Գործընթացի  ավարտին ուղեւորները հնարավորություն կունենան դեպի Ռուսաստան եւ Իրան երթեւեկել առավել հարմարավետ ու անվտանգ պայմաններում, սահմանված չվացուցակով եւ միշտ նույն սկզբնակետից` Հյուսիսային ավտոկայարանից: