Հայաստանում առաջին անգամ կայացել է ռոբոտաշինության ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝ Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադան, որն անցել է «Պայքարի՛ր թափոնների դեմ» կարգախոսի ներքո։ Մրցույթի հայաստանյան փուլի հաղթող է ճանաչվել Arm Cyber Kids հավաքական թիմը, որը նոյեմբերին մեկնել էր Դելի՝ մասնակցելու միջազգային փուլին եւ ներկայացնելու այնտեղ Հայաստանը՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։
Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադան (ՌՀՕ) նպատակ ունի աշակերտներին ներգրավել գործնական գիտական գործունեության մեջ, զարգացնել աշակերտների տրամաբանությունը եւ ճարտարագիտական ունակությունները, նախադրյալներ ստեղծել աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացման համար, աշակերտներին տալ դպրոցում ռոբոտների եւ ռոբոտային համակարգերի ուսումնասիրության միջոցով իրենց մտահորիզոնը ընդարձակելու հնարավորություն։ Միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2004 թ.-ին, որին մասնակցելէ 4000 թիմ 12 երկրից։ Այսօր ՌՀՕ-ին մասնակցում է 55 երկրի ավելի քան 21000 թիմ։
Ռոբոտները պետք է օգնեն երեխային մաքրություն անել դեպի դպրոց ճանապարհի ողջ ընթացքում, հավաքեն անպիտան աղբն ու լցնեն աղբամշակման տեսակավորված արկղերի մեջ եւ կատարեն նմանատիպ այլ առաջադրանքներ։




























