ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի եւ Սանկտ-¬Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։

Երկուստեք բարձր գնահատելով Հայաստանում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը՝ զրուցակիցները կարեւորել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ միակ գրասենյակի աշխատանքը։