Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի դատարանում սկսվել է PKK-ի գաղտնի քաղաքացիական կառույց համարվող «Քուրդիստանի հասարակությունների միություն, Թուրքիայի խորհրդարան»-ի դեմ առաջին դատական նիստը, որն ուղեկցվել է լուրջ սկանդալով:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին փոխնախագահ Բայրամ Ալթունը, ով նույնպես ամբաստանյալների շարքում է, փորձել է պաշտպանական ճառն արտասանել քրդերենով: Նրան հակադարձել է դատարանի նախագահ Յըլմազը՝ հայտարարելով, թե երեւում է փորձում են գոյություն չունեցող քրդերենով պաշտպանություն իրականացնել եւ պահանջել է վերցնել ամբաստանյալի ձեռքից խոսափողը։
Դատավորի այս արտահայտությանը դահլիճից արձագանքել է ամբաստանյալներից Ռամազան Մարքոչը, ով թե՜ քրդերենով, թե՜ թուրքերենով դիմել է դատավորին. «Մի՜ ասեք, թե քրդերենը գոյություն չունեցող լեզու է։ Դուք դրանով վիրավորում եք քուրդ ժողովրդի լեզուն»։ Այդ ընթացքում դատավորը կարգադրել է դուրս հրավիրել Մարքոչին, որից հետո դահլիճում գտնվող մյուս ամբաստանյալները ոտքի են կանգնել եւ փորձել իրենք եւս դուրս գալ դահլիճից։
Դահլիճում կրքերը հանգստացնելու նպատակով դատավորը ընդմիջում է հայտարարել:
Հիշեցնենք, որ է PKK-ի գաղտնի քաղաքացիական կառույց համարվող «Քուրդիստանի հասարակությունների միություն, Թուրքիայի խորհրդարան»-ի գործով անցնող 152 քուրդ գործիչներ, որոնց թվում են մի շարք քուրդ քաղաքապետեր, մեղադրվում են ահաբեկչական կառույցի հետ կապ ունենալու եւ դրա օգտին քարոզչություն անելու մեջ։





























