Հայաստանի ԱԺ առողջապահության եւ մայրության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ պետք է վերացնել բոլոր կաշառակերներին: Այս մասին նա ասել է նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես վարչապետի հետ 100 տոկոսով համաձայն եմ. որտեղ կան կաշառակերներ, պետք է վերացնենք, հիմա դա կլինի առողջապահության ոլորտում, թե մեկ այլ, ինձ համար էական տարբերություն չկա»,- ասել է նա` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության  նիստում կատարած այն հայտարարությունը, թե առողջապահության ոլորոտում կաշառակերությունն ուռճացել է:

«Ես խորը համոզմունք ունեմ, որ մենք բոլորս պետք է միասին աշխատենք` կոռուպացված համակարգի պիտակը առողջապահության ոլորտի վրայից հանելու համար, քանի որ այն լուրջ սոցիալական ոլորտ է եւ կոռուպցիան պատիվ չի բերում ո՜չ հասարակությանը, ո՜չ էլ բուժաշխատողներին»,-ասաց ԱԺ պատգամավորը

Նշենք, որ Տիգրան Սագյսանն այսօր անդրադառնալով  առողջապահության եւ կրթության ոլորտների ասել էր. «Կոռուպցիան այդ ոլորտներում խորացել է: Դրա մասին են վկայում ինչպես մամուլում հրապարակվող նյութերը, այնպես էլ կառավարության վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները»։

Վարչապետը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հանձնարարել է 10-օրյա ժամկետում «պարզ եւ հասկանալի» ծրագիր ներկայացնել՝ կոռուպցիան հաղթահարելու համար։ Առավել խիստ պահանջներ են դրվել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանդեպ, առաջարկելով քննարկել փոխնախարարների եւ աշխատակազմի ղեկավարների պաշտոնանկության հարցը, եթե բավարար չեն պայքարում կոռուպցիայի դեմ։