Ես Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ կաշխատեմ խաղաղ եւ երկարաժամկետ լուծում գտնելու համար, որը թույլ կտա տարածաշրջանում կայունություն եւ բարգավաճում ապահովել։ Այս մասին Սենատում լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը։

ԱՄՆ հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ սենատոր Էդվարդ Մարքեյը, որը հայ–ամերիկյան հարաբերությունների զարգացման ակտիվ կողմնակից է, մի շարք հարցեր է տվել տարածաշրջանում Ամերիկայի դերի մասին։

Թիլերսոնի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղություն սահմանելու համար առաջին քայլը վստահություն եւ երաշխիքներ սահմանելն է, որպեսզի երկու կողմերի միջեւ համաձայնությունները պահպանվեն։

Հարցին, թե ինչ է անելու ԱՄՆ–ը, որպեսզի հանի Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, Թիլերսոնը պատասխանել է, որ մտադիր է պաշտպանել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական, դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը, որը կապահովի կրոնական փոքրամասնությունների եւ սեփականության նրանց իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ Թուրքիայի հայկական համայնքի համար։

Թիլերսոնը վստահեցրել է, որ ինքը ձգտում է ԱՄՆ–ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում՝ տնտեսական պլանում, քանի որ ԱՄՆ–ի շահերից է բխում նպաստել փոխշահավետ առեւտրին։

Թիլերսոնը նաեւ ընդունել է փախստականների հոսքի պատճառով Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները եւ հայտնել է Հայաստանին ավելի արդյունավետ տնտեսական օգնություն ցուցաբերելու պլանների մասին։