Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանին ընտանիքը մեկ տարի չէր տեսել: Այսօր՝ հունվարի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում նրա հայրը՝ Մելիքսեթ Մելիքյանը նշեց, որ միշտ հպարտացել է, որ իր որդին զինվորականի կյանքն է ընտրել եւ իր կյանքի 7 տարիները նվիրել հայրենիքին: Սակայն, այսօր, երբ Շավարշն արդեն չկա, նրա կորստի ծանր վիշտը խեղդում է այդ հպարտությունը, որը միշտ ուղեկցել է նրան:

«Հպարտություն կա, որ հայրենիքի համար զոհվեց, բայց շատ ծանր է նրա կորստի վիշտը...մեկ տարի չէի տեսել, ընդամենը հեռախոսով էի խոսել հետը»,-ասաց նա:

Մելիքսեթ Մելիքյանը որդու զոհվելուց հետո իր որդու քաջագործությունների մասին նրա ծառայակից ընկերներից է լսել, այսօր էլ իր ծանր վիշտը փարատվում է միայն նրանով, որ իր 26-ամյա որդին հանուն հայրենիքի եւ իր ընկերների կյանքը փրկելու է զոհվել:

Այսօր՝ հունվարի 28-ին, նախագահ Սերժ Սարգսյանը Շավարշ Մելիքյանին հետմահու պարգեւատրել է Արիության մեդալով, իսկ նույն օրը նրա հետ զոհված Էդգար Գրիգորի Նարայանին եւ Էրիկ Գարիկի Աբովյանին՝ Մարտական ծառայության մեդալով:

Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, սակայն հետ էր շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը: