Տաշիրի «Դուստր Մելանյա» պանրագործարանի գլխավոր տնօրեն Ռուբիկ Հարությունյանը NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ հայկական պանիրները մոտ 25 տոկոս աղայնություն ունեն եւ վտանգավոր են առողջության համար։

Ռ. Հարությունյանը, որ պանրագործարան ղեկավարել է նաեւ խորհրդային տարիներին, ասաց, որ այն ժամանակ, իսկապես, որոշ պանրագործարաններում պանիրը երկար ժամանակ պահում էին աղաջրի մեջ, որպեսզի քաշն ավելանար։ Դրանով որոշ մարդիկ ստվերային եկամուտներ էին ստեղծում, բացի այդ՝ որակի վերահսկողությունը բավարար մակարդակի վրա չէր։ Սակայն, ներկայումս պանիր արտադրողները, Հարությունյանի խոսքով, առաջնորդվում են շուկայի պահանջներով եւ որակի հետ նման «կատակներ» անել իրենց թույլ չեն տա։ Այլապես՝ այդ պանիրը ոչ ոք չի գնի։ Ինչ վերաբերում է աղայնությանն, ապա Հարությունյանն ասում է, որ հայկական «Լոռի» պանիրն ունի 4-4,5 տոկոս աղայնություն, որը նորմայի սահմաններում է։ Նման աղայնությամբ հայկական պանիրը արտահանվում է ԱՄՆ եւ Ռուսաստան եւ սպառողների մոտ մեծ պահանջարկ ունի, իսկ որակի ստուգման տեսչությունների կողմից առարկություններ չեն ներկայացվում։