Հայաստանը լեհական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Լեհաստանի  ֆինանսավորմամբ մշակել հատուկ ծրագիր` Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծման համար:

Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վարշավայում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դրաժինա Հենցլեւսկայի հանդիպման ժամանակ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունից, նրանք քննարկել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման խնդիրը: Այդ նպատակով առաջիկայում  Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կստորագրվի:

Լեհական կողմը ցանկություն է հայտնել լուրջ ներդումներ կատարել «Նարիրտ» գործարանում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հատուկ պատվիրակություն կայցելի Հայաստան` տեղում ուսումնասիրելու խնդիրը:

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Սենատի մարշալ Մարեկ Ժուլկովսկու, Լեհաստանի կառավարող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության` Սեյմի եւ Սենատի խմբակցությունների ղեկավարներ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայայի, Մարեկ Ռոցկու, ինչպես նաեւ` կուսակցության հիմնադիր անդամ, լեհ-հայկական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի հետ: Քննարկվել են հայ-լեհական քաղաքական համագործակցությանն առնչվող խնդիրներ, այդ թվում` ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի հետ միջկուսակցական համագործակցության խնդիրները:

Արթուր Բաղդասարյանն այցելել է նաեւ «Նատոլին Կամպուս» կրթական հաստատություն, որը կադրեր է պատրաստում ԵՄ վարչակազմի համար: Ակադեմիայի ղեկվարության հետ ձեռք բերված պամանավորվածության համաձայն` ամեն տարի երեք քաղծառայողներ եւ Եվրոպական ակադեմիայի երեք շրջանավարտներ կարող են մեկ տարի տեւողությամբ անվճար ուսում ստանալ այդ կրթական հաստատությունում եւ աշխատանքի անցնել ԵՄ կառույցներում:

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Վարշավայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի լուծմանը, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Օրվա ավարտին Արթուր Բաղդասարյանը հարցազրույց է տվել լեհական առաջատար«Ռեչպոսպոլիտա» թերթին:

Նույն օրը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան: