Լեհաստանի ԱԳ պետքարտողար, նախարար Յացեք Նայդերը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմին, որպեսզի ԼՂ խնդրի վերաբերյալ բանաձեւի նախագիծն անընդունելի ձեւակերպումներով չընդունվի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում: Այս մասին նա ասել է այսօր` նոյեմբերի 4-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունից, Արթուր Բաղդասարյանն ու Յացեք Նայդերը քննարկել են Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ քաղաքական համագործակցության հեռանկարները, այդ թվում` Լեհաստանի նախաձեռնած «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում:

Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանում տարբեր ուղղություններով բարեփոխումների իրականացման ընթացքը: Քննարկվել են հայ-լեհական երկկողմ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի եւ  Լեհաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հետ կապված հարցեր:

Անդրադառնալով ԼՂ խնդրի լուծման գործընթացին` Արթուր Բաղդասարյանն անընդունելի է համարել Ադրբեջանի նախաձեռնությունը` ՆԱՏՕ-ի` նոյեմբերին կայանալիք Խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ դնել բանաձեւի նախագիծ, որում խոսվում է Ադրբեջանի «գրավյալ» տարածքների մասին:

«Բանակցային գործընթացի զարգացումների` նման բուռն ժամանակաշրջանում անընդունելի է կրքերի ավելորդ թեժացումը: ԼՂ հիմնախնդիրը կարգավորվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, եւ տարբեր կառույցներում նման բանաձեւերի ի հայտ գալը կարող է վնասել բանակցային գործընթացին»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

Լեհական կողմն ընմբռնումով է ընդունել ՀՀ ԱԱԽ քարտուղարի հարցադրումները: