Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 4-ին մասնակցել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության ընդլայնված նիստին եւ ընտրվել ֆեդերացիայի պատվավոր նախագահ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վոլեյբոլի ֆեդերացիայի նիստի ժամանակ նման առաջարկով հանդես է եկել Ֆեդերացիայի նորընտիր նախագահ Սուրիկ Խաչատրյանը:

Կարեւորելով մարզական կառույցների աշխատանքը Հայաստանում` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սպորտը պետք է էական դերակատարություն ունենա մեր հասարակության կյանքում, քանի որ առանց սպորտի դժվար է պատկերացնել առողջ կենսակերպ։ Հուսով եմ, որ ֆեդերացիան իր լուման կներդնի վոլեյբոլը Հայաստանի Հանրապետությունում մասսայական դարձնելու գործում։ Դրա համար անհրաժեշտ է մշակել միջոցառումների ծրագիր եւ փորձել բոլոր կառույցներում կազմակերպել սպորտային միջոցառումներ։ Որպես սպորտաձեւ` վոլեյբոլն ունի բավական մեծ ներուժ Հայաստանում, եւ միասին մենք կարող ենք նպաստել վոլեյբոլի նկատմամբ ուշադրության ու հետաքրքրության ավելացմանը»։

Վոլեյբոլի ֆեդերացիայի կանոնադրության մեջ առաջարկվող փոփոխությունների հաստատումից հետո ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում քննարկվել են ֆեդերացիայի գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր։