OurMine ցանցահենների խումբը կոտրել է CNN հեռուստաընկերության մի քանի հաշիվ Facebook սոցցանցում, հայտնում է Mashable պորտալը։

Կիբերհարձակումների են ենթարկվել հեռուստաընկերության հիմնական էջը, նաեւ CNN International եւ CNN Politics էջերը։ Երեք դեպքերում էլ ցանցահենները լոգոտիպի բնօրինակի փոխարեն իրենց սեփական լոգոտիպն են տեղադրել ու հրապարակել հետեւյալ հաղորդագրությունը «Ողջույն, սա Ourmine –ն է , մենք պարզապես փորձարկում ենք ձեր անվտանգությունը։ Մանրամասն տեղեկությունների համար կապվեք մեզ հետ»։ Հաղորդագրությանը կցված է նաեւ ցանցահենների էլեկտրոնային փոստի հասցեն ու հղումը նրանց կայքին։

CNN -ն ինքը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ourmine հաքերների խումբը կոտրել է The New York Times թերթի, Վայրի բնության հիմնադրամի (WWF) ու Sony Music Entertainment ընկերության Twitter էջերը։