Կիբերհանցագործությունների ամենամեծ աճը, որպես կանոն, տեղի է ունենում ընտրությունների ժամանակ, երբ կոտրում են կայքեր, սոցցանցերում ստեղծվում են հսկայական քանակության ֆեյքային պրոֆիլներ, տարածվում է ապատեղեկատվություն։ Այս մասին հունվարի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ ու հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը։
Նա հիշեցրել է ռուս հաքերների ու ամերիկյան ընտրությունների շուրջ աղմկահարույց պատմության մասին։ Նման հարձակումները նպատակ ունեն խաթարել վստահությունը, անորոշություն մտցնել , խառնաշփոթ ստեղծել։ Փորձագետը չի բացառում գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ադրբեջանի կողմից արտաքին կիբերհարձակման հնարավորությունը ։ Նույնատիպ իրավիճակ արդեն դիտարկվել է 2013-ին նախագահական ընտրությունների ժամանակ։
Սակայն, այստեղ նոր միտումներ են նկատվում։ Շատ լրատվամիջոցներ ընտրությունների ժամանակաշրջանում սոցցանցերն օգտագործում են քաղաքական քարոզչության համար։ Մինչդեռ երիտասարդությունը նախընտրում է խուսափել քաղաքականացված միջավայրից։ Նախընտրական քարոզչությունների ժամանակաշրջանում Հայաստանում Facebook –ի շատ օգտատերեր լքել են հարթակը, կոնտենտի քաղաքականացումից խուսափելու համար։ Ավելի շատ մարդիկ են միանում Instagram–ին։ Վերջին 2-3 ամիսներին այնտեղ գրանցվածների թիվը աճել է ավելի քան 50 տոկոսով, հասնելով կես միլիոնի։




























