Այսօր` նոյեմբերի 4-ին ժամը 19:15-ի սահմաններում Երեւանի Թբիլիսյան խճուղու վրա «Նիվա» մակնիշի 466 ԼԼ 62 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել եւ այս պահին գտնվում է ճանապարհային ոստիկության աշխատակցի ծառայողական ավտոմեքենայում: Քաղաքացուն վրաերթի ենթարկած ավտոմեքենան պատկանում է «Կոկա-կոլա» ընկերությանը, իսկ վարորդը 27-ամյա Աբգար Վանյայի Դեմուրչյանն է:
Ականատեսները պատմում էին, որ վրաերթի ենթարկվածը փողոցն անցել է հետիոտնի համար չթույլատրելի հատվածից:
Դեպքի վայր են ժամանել Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Երեւանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանի գլխավորությամբ: Վթարի վայրում են նաեւ Երեւանի ճանապարտա-հատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Հարություն Մարգարյանը եւ նրա տեղակալ Լեւոն Շմավոնյանը:
ՃՏՀ քննության բաժնի քննիչները տեղազննում կատարելուց հետո «1-03» ծառայությանը հայտնեցին, որ կարող են դիակը տեղափոխել դիահերձարան, իսկ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ տուգանային հրապարակ:
ՃՏՀ քննության բաժնի պետ Հ. Մարգարյանը հանձնարարեց ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին, որպեսզի ճշտեն վրաերթի ենթարկված քաղաքացու տվյալները:
Նշենք, որ Թբիլիսյան խճուղու հարեւանությամբ բնակվող քաղաքացիները արդարացիորեն նշում էին, որ խճուղին արտաքին լուսավորման խնդիր ունի եւ դա է պատճառը, որ այստեղ ճանապարհային վթարները հաճախ են լինում:




Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի



























