Այս տարվա հունիսին սկսված Ծիծեռնակաբերդի խճուղու վարակառուցման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են եւ խճուղին այսօրվանից` նոյեմբերի 4-ից լիովին երթեւեկելի է։
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 6 ամիս տեւած շինարարական աշխատանքների արդյունքում մոտ Ծիծեռնակաբերդի խճուղում նախկին միաշերտ երթեւեկության փոխարեն երկկողմանի երկշերտ երթեւեկություն է՝ ապահովված՝ ճանապարհը մոտ 5 մետրով լայնացվել է։ Անցկացվել է լուսավորության նոր համակարգ, ճանապարհի երկայնքով տեղադրվել է ջրահեռացման համակարգ, ինչի բացակայությունն այստեղ մշտական եւ լուրջ խնդիր էր։
Զուգահեռաբար արդեն մեկնարկել են երկրորդ փուլի շինարարական աշխտանքները։ Ծիծեռնակաբերդի խճուղու միջնամասում՝ կառուցվում է տրանպորտային էստակադա, որը առանց լուսացույցի շրջադարջ կազմակերպելու հնարավորություն կտա։
Ինչպես նշում է շինբարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը, դեպի Ցեղասպանության թանգարան եւ մարզահամերգային համալիր գնացող ավտոմեքենաները էստակադայի կառուցումից հետո առանց միմյանց խանգարելու հետդարձ եւ ձախ շրջադարձ կկատարեն:
Էստակադայի հիմնական շինարարությունը կավարտվի մինչեւ այս տարվա վերջ՝ ասֆալտապատումը կիրականցվի գալիք տարի։ Երկրորդ փուլի շինարարական աշխատանաները երթեւեկությանը չեն խանգարի։
Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման համար Երեւանի բյուջեից հատկացվել է մոտ 1 մլրդ 500 մլն դրամ, որից երկրորդ փուլի արժեքը 866 մլն դրամ է։





























