Տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ ու հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տվել տարբեր ծառայությունների համար նույն գաղտնաբառը չօգտագործել։

Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է մի քանի բազային պայման, որոնք թույլ կտան պաշտպանել սեփական տվյալները։ Առաջինը՝ տարբեր ծառայությունների համար նույնատեսակ գաղտնաբառեր չօգտագործել։ Դա զգալիորեն կհեշտացնի ցանցահենների խնդիրը։ Բավական է կոտրել մեկ գաղտնաբառ ու հնարավոր կլինի մուտք գործել մեկ այլ հարթակում գտնվող ամբողջ տեղեկատվություն։ «Ավելի բարդ գաղտնաբառեր ստեղծեք՝ ոչ թե հեռախոսահամարներ, կամ ընտանի կենդանիների անուններ։ Ավելի լավ է գաղտնաբառերի ընտրության սեփական ալգորիթմը հորինեք»,- ասում է նա։

Երկրորդ՝ փորձագետը խորհուրդ է տալիս չբացել սպամ -հաղորդագրությունները , որոնք առաջարկում են հետեւել հղումին՝ ընդ որում ոչ միայն ընկերներից ստացվածները ,այլեւ պաշտոնական ծանուցագրերի տեսք ունեցողները ։ Հիմնականում դրանք վիրուսներ են պարունակում։ Օրինակ ժամանակ առ ժամանակ ոմանց մոտ հայտնվում է հաղորդագրություն Facebook Security Team–ից, որը առաջարկում է շտապ փոխել գաղտնաբառը։ «Ուշադիր եղեք, նայեք ուղարկողի հասցնեն, մինչ հղումին հետեւելը»,- հավելեց մասնագետը։

Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս օգտագործել երկաստիճանանի նույնականացում։ Բացի գաղտնաբառից, դուք պետք է նաեւ լրացուցիչ կոդ մուտքագրեք։ Ցանկալի է այն ստանալ ոչ «սմս» ծառայությունների միջոցով, դրանք ամբողջ աշխարհում համարվում են ոչ այնքան հուսալի։ Օրինակ Facebook –ն ունի կոդերի գեներատորի իր հավելվածը։ Ցանցահենը, նույնիսկ եթե կարողանա կոտրել ձեր գաղտնաբառը, կբախվի լրացուցիչ դժվարությունների։ Համենայն դեպս նրան պետք կգա նաեւ ձեր հեռախոսահամարը։

Պատասխանելով NEWS.am -ի թղթակցի հարցին՝ VPN հավելվածների ու փրոքսի սերվերների համակարգի վնասակարության մասին վերջերս տարածված հաղորդագրությունների մասին, որոնք թույլ են տալիս Tor–ի նման անանուն ցանցային միացում ապահովել, փորձագետը նշեց , որ Հայաստանում դա այդքան էլ տարածված չէ։ Նման սերվիսները հիմնականում տարածված են այն երկրներում, որտեղ կիբերսահմանափակումների բարձր մակարդակ է, օրինակ Իրանում։ Իսկ մեր երկրում գրաքննությունը շրջանցելու անհրաժեշտություն հիմնականում չկա, ամփոփեց Սամվել Մարտիրոսյանը։