Հայաստանում գտնվող Արաբական միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմին եւ նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ այսօր` նոյեմբերի 4-ին այցելել են Տավուշի մարզ:
Հյուրերը եղել են Հաղարծինի վանական համալիրում, որը վերակառուցվում է Շարժայի Էմիրության կառավարիչ, ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի կողմից հանգանակված միջոցներով:
Հյուրերին ներկայացվել է կատարված աշխատանքների ընթացքը, վանական համալիրի հիմնանորոգման ծրագիրը: Արդեն ավարտվել են դեպի համալիր տանող ճանապարհի, ենթակառուցվածքների վերակառուցման աշխատանքները, ավարտին են մոտենում վանական համալիրի նորոգումը, քահանայատան կառուցումը: Ներկայումս կատարվում են եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Հաղարծինից հյուրերը մեկնել են Դիլիջան, որտեղ նրանց է ներկայացվել «Դիլիջան. ֆինանսական կենտրոն» ծրագիրը, քաղաքի զբոսաշրջային զարգացմանն ուղղված այլ նախագծեր: Արաբական պատվիրակությանը ներկայացվել է նաեւ մարզի առեւտրատնտեսկան ներուժը, հնարավոր համագործակցության ուղղությունները: Քննարկվել են ՀՀ մարզերում տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորությունները:





























