Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ներողություն է խնդրել խորվաթ ժողովրդից` 200 խորվաթ քաղաքացիների եւ ռազմագերիների սպանության համար, որոնց սերբ զինվորականները գնդակահարել էին 1991-ի նոյեմբերին:
«Ես այստեղ եմ, որպեսզի հարգեմ զոհերի հիշատակը եւ իմ ներողությունն ու ափսոսանքը հայտնեմ: Ես ցանկանում եմ Սերբիային եւ Խորվաթիային հնարավորություն տալ պատմության նոր էջ բացել, որպեսզի մեր երեխաները չկրեն անցյալի բեռը»,- ասել է Տադիչը խորվաթական Վուկովար քաղաքում, հաղորդում է ИА InterRight-ը:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի տարածքում ռազմական հակամարտությունն սկսվել է 1990-ականների սկզբին` Հարավսլավիայի կազմից այդ երկրի դուրս գալու պատճառով: Վուկովար քաղաքի շրջափակումը տեւել է 87 օր: ՄԻ քանի հազար խորվաթներ ապաստարան էին փնտրում տեղի հիվանդանոցում, որտեղից նրանց տեղափոխել են Օվչարի, որը 1991-ի հոկտեմբերից ծառայում էր որպես ռազմագերիների ճամբար: Նոյեմբերի 18-21-ին նրանցից առնվազն 200-ին գնդակահարել են:
2005-ին սերբական դատարանը գնդակահարության հեղինակներին դատապարտել է 5-20 տարվա ազատազրկման:
Տադիչն առաջին սերբ նախարարն է, ով հարգել է խորվաթ զոհերի հիշատակը: Խորվաթիան ներողություն չի խնդրել Արեւելյան Սլովենիայում սերբ բնակչության ցեղասպանության եւ էթնիկ զտումներ իրագործելու համար, որոնց հետեւանքով հազարավոր սերբեր փախել էին Խորվաթիայից:





























