ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների խրախուսման շուրջ՝ ուղղված կարգավորման երկարաժամկետ ձեռքբերմանը, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, ներառյալ տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը:
Ի պատասխան հարցին՝ չե՞ք կարծում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաստակել է ինքնորոշման իրականացման իրավունքը՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ երկիր է կայացած ժողովրդավարական ինստիտուտներով եւ ընտրական մեխանիզմներով, Հոգլանդը նշեց. «Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կառավարությանը, ինչպես այն չի ճանաչում ոչ մի ուրիշ երկիր, այդ թվում՝ Հայաստանը»:
Համանախագահները շարունակում են խրախուսել, որ հնարավորինս շուտ հանդիպումներ կայանան Նախագահների ու Արտաքին գործերի նախարարների միջև՝ շարունակելու կարևոր քննարկումները առանցքային հարցերի շուրջ, մասնավորապես՝ հրադադարի պահպանում և Վիենայում ու Սանկտ Պետերբուգում ձեռք բերված պայմանավորվածությունների լիակատար իրականացում, այդ թվում՝ բոլոր կողմերի մասով վստահության ձևավորման կարեւոր միջոցների ներդրման ապահովում: Համանախագահները կշարունակեն աշխատել՝ խրախուսելու բանակցությունները, որոնք միտված են տևական կարգավորմանը հիմք ընդունելով միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի խարտիայի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում:




























