Ալեքսանդր Լապշինի գործը չի կարող նախադեպ դառնալ: Այս մասին հունվարի 31-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Չգիտեմ՝ ով եւ ինչը կշահի: Բայց համոզված եմ, որ դա չի ավելացնի նրանց հեղինակությունը, ովքեր մարդկանց հետապնդում են իրենց հիմնարար իրավունքներն ու ազատություններն իրացնելու համար: Սա խայտառակություն է»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ գործն, այնուամենայնիվ, նախադեպ չի դառնա: «Ղարաբաղ մեկնել են եւ կմեկնեն: Ադրբեջանի ԱԳՆ ցուցակում տարբեր ոլորտների ներկայացուցիչների մոտ 500 անուն կա: Ինչ-որ մեկը կարո՞ղ է նրանց արտահանձնել: Չնայած Ադրբեջանի բոլոր ջանքերին, Լեռնային Ղարաբաղ այցելուների, այդ թվում զբոսաշրջիկների հոսքը մեծանում է: Այնպես որ, Ադրբեջանի գործողություններն ավելի շուտ գովազդի նպատակ են հետապնդում: Իսկ ահա Ադրբեջանի նյարդերը տեղի են տալիս, եւ նրա գործողություններն իրեն են վնասում եւ նրանց, ովքեր փորձում են այդ գործողությունները խրախուսել»,- հայտարարեց նախարարը: