Lego ընկերությունը գործարկել է սոցիալական ցանց մինչեւ 13-14 տարեկան երեխաների եւ դեռահասների համար։ Մանկական զարգացնող և ուսուցանող կոնստրուկտորներ արտադրող ընկերությունը որոշել է ուղղել իր ջանքերը Lego Life առցանց նախագծի շուրջ աճող սերնդին միավորելու համար, հաղորդում է Oane–ն։

 Մշակողները հանդես են եկել հավակնոտ հայտարարությամբ, ըստ որի Lego Life հարթակը պետք է դառնա Instagram աշխարհահռչակ սոցիալական ցանցի  մանկական անալոգը։ Նոր նախագիծը հիմք է հանդիսանալու տարբեր երկրների երեխաների համատեղ աշխատանքի համար։

Երիտասարդ օգտատերերը կկարողանան մտքեր փոխանակել Lego կոնստրուկտորների վերաբերյալ, ինչ–որ նոր բան իմանալ եւ կիսվել սեփական գաղափարներով։

Առաջին օգտատերերի խոսքով, Lego Life–ը սովորական սոցցանց է՝ ավանդական մեկնաբանություններով, նորություններով եւ սմայլիկներով։ Սակայն այս համայնքի անդամ կարող է դառնալ միայն երեխան կամ դեռահասը՝ գրանցման ժամանակ ծնողի կողմից տրվող համաձայնությամբ։ Բացի այդ, բոլոր պրոֆիլները գաղտնի են, իսկ սովորական ավատարի փոխարեն օգտագործվում է Lego կոնստրուկտորների պարագաներն ու մարմինները։