Իրանի  իշխանությունները գրավի դիմաց բաց են  թողել շվեդական կոմսետիկա արտադրող ընկերության` Oriflame-ի աշխատակցին, ով գտնվում էր բանտում եւ մեղադրվում էր լրտեսության մեջ:

Գրավի չափի մասին ոչինչ չի հաղորդվում: Չեն հայտնում նաեւ ազատ արձակվածի անունը, ով Շվեդիայի քաղաքացի է եւ Իրանում գտնվող մասնաճյուղի տնօրենը: Ընկերության չորս այլ աշխատակիցների հետ միասին նա ձերբակալվել էր օգոստոսին` մեղադրվելով ֆինանսական բուրգ ստեղծելու եւ լրտեսության մեջ:

Երեք աշխատակիցները, ովքեր նույնպես Շվեդիայի քաղաքացիներ են եղել, ազատ էին արձակվել ավելի վաղ: Ներկայումս բանտում է գտնվում ընկերության միայն մեկ աշխատակից` Իրանի քաղաքացի:

Oriflame-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք մտադիր են շարունակել բանակցություններն իրանական իշխանությունների հետ այնքան ժամանակ, քանի դեռ նրանց իրանական մասնաճյուղի բոլոր աշխատակիցներն ազատ չեն արձակվել:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Իրանի հետախուզության նախարարի ձերբակալությունից հետո, Հեյդար Մոսլեխին հայտարարել էր, որ շվեդական ընկերությունը արեւմտյան հետախուզական ծառայությունների հետ համագործակցելով փորձում է պայքարել իսլամական հանրապետության համակարգի դեմ` առաջնորդվելով ամենեւին էլ ոչ տնտեսական շահերով: Ընկերության ֆինանսական տնօրեն Գաբրիել Բենետը ժխտում է բոլոր մեղադրանքները` հավաստիացնելով, որ կոսմետիկայի նրա ընկերությունը չի մասնակցում քաղաքական եւ ոչ մի ինտրիգի: