Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բացակայությունը զսպում է Հայաստանի ներուժը։Այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը Հայ-ամերիկյան առևտրային պալատում իր ելույթի ժամանակ։
Դեսպանը բարձր է գնահատել հայ ժողովրդի տոկունությունը 2016-ի ապրիլին Ղարաբաղում քառօրյա պատերազմի ու դրա ողբերգական հետևանքների պայմաններում, նաև 2016-ի հուլիսին Երևանում ոստիկանության շենքի գրավման շուրջ ծավալված իրադարձությունների ժամանակ։
Նրա խոսքով հակամարտության խաղաղ կարգավորմանը մասնակցությունը դեսպանի անձնական պարտականությունն է ու ամերիկյան կառավարության կարևոր խնդիրներից մեկը։
Դեսպանը հավելել է, որ առաջնահերթ խնդիր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հետ աշխատանքը։
Նա նաև ափոսանք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բացակայությունը զսպում է Հայաստանի տնտեսական ներուժը, քանի որ որպես հակամարտության հետևանք՝սահմանների փակ լինելը խթանում է կոռուպցիան երկրում։
Դեսպանը նշել է, որ այդ պատճառով խոշոր ընկերությունները հեշտությամբ չարաշահում են շուկայի վրա իրենց ազդեցությունը ու ճնշում մրցակցությունը։




























