Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ձեռնարկած քայլերը վկայում են Վաշինգտոնի կեղծավորության մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ մեկնաբանելով մահմեդական 7 երկրների քաղաքացիների համար Միացյալ Նահանգներ մուտքը ժամանակավորապես արգելելու եւ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին Թրամփի հրամանագրերը, հաղորդում է IRNA-ն։

Ռոուհանին նշել է, թե ազգերի միջեւ պատեր բարձրացնելու ժամանակաշրջանը ավարտվել է։ «Ժամանակակից աշխարհը տեղեկատվական դարաշրջան է՝ ազգերի միջեւ կապերը ամրապնդելու համար», – ասել է Իրանի նախագահը։ Նա Միացյալ Նահանգների վերջին քայլերն անվանել է «սխալ» եւ «անարդար»։ Ռոուհանին շեշտել է, թե այդ քայլերը վկայում են Վաշինգտոնի կեղծավորության մասին։