Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 1-ին այցելել է «Ալիք» թերթի խմբագրատուն: Թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-իրանական հարաբերությունների, ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքների ու առաջիկա անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մանրամասնել է նաեւ «Ազգ-բանակ» գաղափարի դրույթները:
Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 1-ին եղել է նաեւ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարանում, հանդիպել թեմի առաջնորդ, աքրեպիսկոպոս Տեր Սեպուհ Սարգսյանի, հոգեւոր դասի եւ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարն արժեւորել եւ բարձր է գնահատել Հայոց եկեղեցու եւ սփյուռքի կառույցների դերակատարությունը հայապահպանության, ինչպես նաեւ հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում:
ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման խնդիրների հետ կապված հարցեր:
Կողմերն անդրադարձել են հայ-իրանական համագործակցության առաջնահերթություններին, ընդգծվել է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

































