Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 1-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արյա Ինկերի Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի):
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, ո Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում գործակցության զարգացման կապակցությամբ` ընդգծելով, որ այդ բարեկամական հարաբերությունների արտահայտությունն են նաեւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ Ֆինլանդիայի եկեղեցիների միջեւ առկա եղբայրական կապերը:
Այս առիթով Վեհափառ Հայրապետը երախտագիտությամբ վերհիշեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին Ֆինլանդիայի Ուղղափառ եւ Լյութերական Եկեղեցիների պատվիրակությունների բերած մասնակցությունը:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ անդրադարձավ 2004 թվականին Ֆինլանդիա կատարած իր այցին, հանդիպումներին Եկեղեցիների առաջնորդների եւ փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Դեսպան Արյա Մակոնեն իր հերթին նշեց, որ իր համար մեծագույն պատիվ է գտնվել Մայր Աթոռում ու հանդիպել Հայոց Հովվապետին: Նա վստահություն հայտնեց, որ հնարավոր ամենը կանի, որպեսզի բարեկամական կապերն էլ ավելի զորանան եւ Հայաստանն ու Ֆինլանդիան փոխադարձաբար ավելի ճանաչելի դառնան միմյանց համար:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց դեսպանի հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առաքելությանը, սոցիալական ու կրթական գործունեությանը, ինչպես նաեւ հայ ժողովրդի առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հրամայականներին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորանշանակ դեսպանին հաջողություններ մաղթեց դիվանագիտական իր առաքելության մեջ:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերություների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը»,-ասվում է հաղորդագրությունում:



























