Հայկական կողմը ջանում է երաշխիքներ ապահովել բլոգեր Ալեքսանդր Լապշիննի համար։ Այս մասին փետրվարի 2-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքներ են ընթանում մի քանի հեղինակավոր կազմակերպությունների հետ։ Մնում է հուսալ, որ դա արդյունք կտա։ «Ես համաձայն եմ ԼՂՀ–ում իր գործընկերոջ հետ։ Պետք է հաճախ այցելություններ կազմակերպել Ղարաբաղ, այդ թվում՝ արտասահմանցի լրագրողների տանել»,– ասել է Թաթոյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին դեմ էին արտահայտվել Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանն ու արտահանձնմանը՝ մատնանշելով խոսքի ազատության իրավունքին հետեւելու անհրաժեշտությունը:

Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը։